Խնդրի նկարագրությունը

Դիլիջանում թափառող շների թիվը շարունակում է աճել, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում: Շատ շներ ստերջացված և պատվաստված չեն: Սա հանգեցնում է նրանց անվերահսկելի բազմացմանը և մեծացնում հիվանդությունների տարածման վտանգը: Բացի այդ, բնակիչների մոտ անվտանգության հետ կապված անհանգստություն է առաջանում: Համայնքի վերաբերմունքի վրա բացասաբար են ազդում ապատեղեկատվությունը և կարծրատիպերը: Դրանք հիմնականում վերաբերում են շների ստերջացմանը, կերակրման կանոններին և վարքագծին: Միևնույն ժամանակ, Դիլիջանում չկա շների խնամքի և հանրային իրազեկման համակարգված ու մարդասիրական մոտեցում: Չնայած այս դժվարություններին՝ քաղաքը մեծ ներուժ ունի դառնալու թափառող շների կայուն և մարդասիրական կառավարման օրինակելի մոդել: Դրան նպաստում են ակտիվ համայնքը և Գրին Ռոք հիմնադրամի (GRF) կողմից արդեն իսկ մեկնարկած իրազեկման արշավները:

Նախագծի նպատակը

Ստեղծել Դիլիջանի թափառող շների խնամքի մարդասիրական, արդյունավետ և կայուն մոդել: Այն կներառի ստերջացում, պատվաստում, համայնքի կրթում և երկարաժամկետ մշտադիտարկում։ Արդյունքում կունենանք ավելի առողջ շներ, անվտանգ միջավայր և մարդկանց ու կենդանիների ավելի ներդաշնակ համակեցություն:

  1. Մինչև 2026 թվականի դեկտեմբեր զգալիորեն նվազեցնել Դիլիջանի չստերջացված փողոցային շների թիվը: Սա կարվի անասնաբույժ գործընկերների հետ իրականացվող շարունակական ստերջացման ծրագրի միջոցով:
  2. Մինչև 2026 թվականի վերջ ապահովել թափառող շների լայնածավալ պատվաստում: Դա կնվազեցնի կենդանիներին և մարդկանց սպառնացող վարակիչ հիվանդությունների ռիսկը:
  3. 2026 թվականի ընթացքում ստեղծել և տարածել կրթական նյութեր: Դրանք կցրեն շների մասին միֆերը, կսովորեցնեն անվտանգ վարքագիծ, կխրախուսեն պատասխանատու վերաբերմունք և կներկայացնեն շների մարդասիրական խնամքի կանոնները:
  4. Մինչև 2026 թվականի կեսերը ստեղծել կամավորների, պատասխանատու տերերի և խնամատար (ֆոսթեր) ընտանիքների փոքր, բայց գործուն ցանց, որն ակտիվորեն կաջակցի նախագծին:
  5. Տարվա ընթացքում վարել ստերջացված և պատվաստված շների թարմացվող գրանցամատյան: Սա կօգնի ստեղծել փաստերի վրա հիմնված և վերահսկելի կառավարման համակարգ:

Նախագծի նկարագրությունը

«ԴիլիԴոգս Սիթի» նախագիծը բաղկացած կլինի երեք փոխկապակցված բաղադրիչներից:

Առաջինը վերաբերում է անասնաբուժական միջամտություններին:Այն ներառում է փողոցային շների ստերջացում, պատվաստում, ճիճվաթափում և նույնականացում: Այս աշխատանքները կիրականացվեն վերապատրաստված անասնաբույժների հետ համատեղ: Գործընթացը կուղեկցվի հստակ մոնիթորինգի համակարգով՝ յուրաքանչյուր շան կարգավիճակին հետևելու համար:

Երկրորդ բաղադրիչը հանրային իրազեկման արշավն է: Այն կոչված է ցրելու տարածված թյուրըմբռնումները և տրամադրելու գործնական գիտելիքներ: Տեսանյութերի, գրառումների, հարցազրույցների և փորձագիտական մեկնաբանությունների միջոցով արշավը կբացատրի ստերջացման կարևորությունն ու մարդասիրական բնույթը: Կներկայացվի նաև, թե ինչպես անվտանգ շփվել փողոցային շների հետ, ինչ է նշանակում պատասխանատու վերաբերմունք, և ինչպես կարող են ժամանակավոր խնամքն ու որդեգրումը նպաստել շների ավելի առողջ համայնքի ձևավորմանը:

Երրորդ բաղադրիչը կարևորում է համայնքի ներգրավվածությունը:Բնակիչները, բիզնեսի սեփականատերերը և կամավորները կհրավիրվեն մասնակցելու իրազեկման միջոցառումներին, ժամանակավոր խնամքի ծրագրերին և տեղեկատվության փոխանակմանը: Այս մոտեցումը մեծացնում է տեղացիների պատասխանատվության զգացումը: Այն խրախուսում է համայնքին դառնալ կենդանիների պաշտպանության նախաձեռնությունների ակտիվ գործընկեր:

Ակնկալվող արդյունքները

Մինչև 2026 թվականի վերջ Դիլիջանը կունենա շների ավելի կայուն և առողջ պոպուլյացիա: Կնվազեն անվերահսկելի բազմացման և հիվանդությունների տարածման ռիսկերը: Բնակիչներն ավելի լավ կհասկանան փողոցային շների վարքագիծը և նրանց հետ մարդասիրական վարվելակերպը: Սա կհանգեցնի համայնքի վերաբերմունքի դրական փոփոխության: Վերապատրաստված կամավորների և աջակիցների հիմնական խումբը կապահովի ծրագրի երկարաժամկետ կայունությունը: Քաղաքը կունենա ավելի մաքուր, անվտանգ և հավասարակշռված միջավայր: Միևնույն ժամանակ, Green Rock հիմնադրամիի ջանքերով Դիլիջանը կդառնա թափառող շների էթիկական կառավարման առաջատար մոդել Հայաստանում:

Կայունությունը

Նախագիծը ստեղծում է կրկնօրինակելի և երկարաժամկետ մոդել: Կրթական նյութերը կմնան հասանելի առցանց հարթակներում՝ շարունակական ուսուցման համար: Իսկ ստերջացումն ու պատվաստումը կնվազեցնեն ապագայում լայնածավալ միջամտությունների անհրաժեշտությունը: Ծրագրի շրջանակներում ստեղծված կամավորական և համայնքային ցանցը հիմք կդառնա հետագա զարգացման համար: Իսկ մոնիթորինգի համակարգված մոտեցումը կապահովի գործընթացի շարունակականությունն ու թափանցիկությունը:

Հավելյալ տեղեկությունների համար՝ greenrock.foundation